Այս հմուտ, հանճարեղ լոռեցին

11/10/2019

 

     Բազմած են շուրջըս նրանք ամեն օր -
     Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի,
     Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր
     Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի։
     Ու էսպես՝ ինձ հետ, իմ տանն ամեն օր,
     Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր։
Հ. Թումանյան
    
Հոկտեմբերի 11-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում գրադարանավարի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: 
Գրադարանավարի օրվա խորհուրդը գրքի, գիտելիքի և ընթերցանության դերի վերարժևորումն էր, ինչպես նաև Ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգության, ազգանվեր գործունեության գնահատումն էր: 
Ուսումնական հաստատության ընթերցասրահը կրում էր Թումանյանի գեղագիտության կնիքը. բանաստեղծի կյանքին և ստեղծագործությանը վերաբերող գրքեր, գրասեղան՝ զարդարված բանաստեղծի սիրելի առարկաներով, ուսանողների ձեռքով պատրաստած ցուցապաստառ՝ ամփոփված բանաստեղծի առանձնահատուկ վերաբերմունքով, հոգատարությամբ և գրքերի հանդեպ անմնացորդ սիրով:
Ուսանողները ներկայացրին բանաստեղծի կյանքին և ստեղծագործությանը վերաբերող մանրամասներ, այնուհետև ցուցադրվեց Թումանյանի մասին տեսաֆիլմ:
Հայ մեծագույն գրողը միջոցառման ներկաների կողքին էր...թե՛ իր ուրույն թումանյանական ժպիտով, թե՛ իմաստուն խոհերով ու խորհուրդներով 
Ցերեկույթը եզրափակվեց Թումանյանի տիեզերական ոգին արտահայտող քառյակների ընթերցմամբ և վերլուծությամբ:  

Գրադարանավար՝ Ս. Հակոբյան