«Դեպի երազանք»

03/06/2021

    2021 թվականի հունիսի 2-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի դահլիճում տեղի ունեցավ Վերջին դաս միջոցառումը՝ «Դեպի երազանք» խորագրով: Օրը բացառիկ և տարբերվող էր նախորդներից իր հիշարժանությամբ, խոնարհումի, հարգանքի և ապրեցնող նվիրումի կերտվածքով: 
Միջոցառման սկզբում ներկաները հարգանքի տուրք մատուցեցին կրթօջախի այն ուսանողներին, ովքեր պատերազմի ընթացքում մարտիրոսվեցին՝ չխնայելով ամենաթանկը՝ իրենց կյանքը: Միևնույն ժամանակ գնահատանքի և մեծարման արժանացան ռազմաճակատում կռված և վիրավորում  ստացած հաստատության ուսանողները, ովքեր պայքարել են՝ հանուն ազատ ապրելու և ապրեցնելու, հանուն բոլորիս:  
Ավարտական չորս կուրսերի ուսանողները շնորհակալության և երախտիքի խոսքեր  նվիրեցին մանկավարժներին՝ գնահատելով Ուսուցչի հայրենանվեր,  լուսավոր աշխատանքի վեհությունը: 
Կյանքում ամեն ինչ հաղթահարելի է, քանի որ ուսումնառության տարիներին ուսանողները ձեռք են բերել մասնագիտական գիտելիքներ և կարողություններ, ստացել են հայեցի դաստիարակություն, ոգեշնչվել հայրենասիրական դասերով: 
Դահլիճում ստեղծվել էր պահին համահունչ ներդաշնակություն. զրույցի էին բռնվել բոլորի սրտերը:  Ոգևորիչ ու տպավորիչ էր հատկապես բեմադրված ազգային երգն ու պարը:  
Միջոցառումը  կազմված էր Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանի» մոտիվներով: Յուրաքանչյուրը ստեղծել էր իր մոլորակը, իր փիլիսոփայությունը և կերպավորվել որպես փոքրիկ իշխաններ: Նրանց հավատամքը մեկն էր. «Եկե՛ք հավատանք մեր երազանքին. դեպի~ երազանք….»: 
Վերջին դասի ավարտին հնչեցին շնորհավորանքներ և բարեմաղթանքներ: Տնօրեն Քնարիկ Ահարոնյանը հատկանշեց, որ ուսումնարանում ստացած արհեստի ու արվեստի դասերը կդառնան ուղենիշ՝ նոր ու լուսավոր կյանք մուտք գործելու համար:  
Հրաժեշտի հուզիչ պահը ստիպում էր ուսանողներին խորհել, որ վերջին զանգի ղողանջներով ազդարարվում է չափահասության և նոր կյանքի սկիզբը: