Անտառի լուռ կանչը

22/10/2021

Հոկտեմբերի 21-ին թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց բաց դաս` «Անտառի լուռ կանչը» խորագրով: Բաց դասի մասնակիցներն էին «Համակարգիչների շահագործում» մասնագիտությամբ առաջին կուրսի ուսանողները: 
Դասի  նպատակն էր ծանոթացնել Հայկական լեռնաշխարհում անտառային գոտու տարածմանը, կարևորել անտառը որպես մարդու հետագա գոյատևման պարտադիր պայման, ձևավորել էկոլոգիական դաստիարակություն, սերմանել բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք:
Դասը սկսվեց Հայաստանի անտառներին բնորոշ ծառատեսակների կանչով՝ ուղղված մարդկությանը: Նրանք մարդկային լեզվով ներկայացրին իրենց հուզող հարցերը՝ ակնկալելով դասի մասնակիցներից ստանալ բավարար պատասխաններ: 
Դասի ընթացքում քննարկվեցին կենսոլորտ, անտառը որպես էկոհամակարգ, բիոտիկ և աբիոտիկ գործոններ, օզոնային էկրան ենթաթեմաները և ներկայացվեց անտառը որպես բազմաֆունկցիոնալ, ինքնավերականգնվող լանդշաֆտային համակարգ: 
Առանձնահատուկ անդրադարձ արվեց Հայաստանի անտառներին և նրանց պահպանությանը՝ կարևորելով անհատի գիտակցված մոտեցումն ու վերաբերմունքը անտառի պահպանման գործում: Դասին զուգահեռ ցուցադրվում էր թեմային համապատասխան սահիկաշար:
Նպատակային էր հետաքրքիր խնդիրների և ասույթների կիրառումը, որոնք խթանիչ էին մասնակիցների ճանաչողական հետաքրքրությունների զարգացման և ինքնուրույն մտածելակերպի ձևավորման համար:
Դասի ընթացքում հնչում էին անտառին բնորոշ տերևների  շրշյունն  ու  թռչունների  դայլայլը, ջրի քչքչոցն ու քամու մեղմ սուլոցը՝ ներկաներին տեղափոխելով անտառի հեքիաթային և առեղծվածային աշխարհ:

Բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորում