Գյումրին պիտի՛ ապրի ու արարի

07/12/2022

2022 թվականի դեկտեմբերի 6-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի դահլիճում, տնօրենի տեղակալ Ա․Մկրտչյանի և ուսմասվար Ա․Մարգարյանի նախաձեռնությամբ անցկացվեց «Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժի ժամանակ» թեմայով սեմինար-պարապմունք։ Միջոցառման նպատակն էր ուսանողներին ներկայացնել դեկտեմբերի 7-ը՝ որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի օր, իրազեկել աղետից/երկրաշարժից/ պաշտպանվելու միջոցների մասին, երիտասարդ սերնդին ծանոթացնել հին ու նոր կոլորիտային Գյումրու տեսաշարժան վայրերին, մինչերկրաշարժյան հայրաքաղաքի բազմաճյուղ արդյունաբերություններին (տեքստիլ-տրիկոտաժի, մեքենաշինական, շինանյութերի, սննդի, կոշիկի, կարի, փայտամշակման, ապակու և այլն), ինչպես նաև քաղաքի ակտիվ կյանքին։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի տուրք մատուցեցին՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի։

Ա․Մարգարյանը, համաձայն 1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի մասին պաշտոնական տեղեկատվության, համառոտ ձևով ներկայացրեց աղետի պատճառած անդառնալի կորուստները և հետևանքները։

Սեմինար-պարապմունքի առանցքային կետում «Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժի ժամանակ» թեմայով ուսուցողական տեսանյութի դիտում-քննարկումն էր։

Տխուր էին ներկաները, նրանց աչքերում կար ցավի ու ափսոսանքի մի խամրած ստվեր, որը հուշում էր․ «34 տարի անց դեռ շարունակում ենք առերեսվել երկրաշարժի հետևանքով ունեզուրկ և անօթևան մարդկանց տխուր ճակատագրերին, անդառնալի կորուստներին»։

Իսկ միջոցառման ավարտը հուսադրող էր ու ոգեշնչող․ծաղկուն Լենինականի և բարեկարգված Գյումրու մասին կարճամետրաժ ֆիլմը դրա վառ վկայությունն էր․ փլատակներից վերհառնած Գյումրին պիտի՛ ապրի ու արարի։

Ուսմասվար՝ Ա․ Մարգարյան